Մարտի 31-ից ապրիլի 1-ը երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էին գտնվում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող ֆրանսիական կազմակերպություններից՝ EDF, Cyclife, ASNR և I2EN կազմված պատվիրակությունը։
Ֆրանսիական պատվիրակությունը գլխավորում էր Վակիս Ռամանին (Vakis Ramany-EDF), իսկ պատվիրակության կազմում ընդգրկված էին Անտուան Գուելֆին (Antoine Guelfi-EDF), Լուրան Ֆաբրը (Laurent Fabre-EDF), Ֆաբրիս Բույոն (Fabrice Bouillot-Cyclife), Լյուդիվին Գիլլին (Ludivine Gilli-ASNR) և Յան Վան դեր Լեն (Jan Van der Lee — I2EN)։
Այցի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ ՀԱԷԿ-ում, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե), Երևանի պետական համալսարանում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ)։
ՀԱԷԿ-ում անցկացված հանդիպման ընթացքում ներկայացվեց նոր սերնդի փոքր մոդուլային ռեակտորի՝ NUWARD նախագիծը, ռադիոակտիվ թափոնների կառավարման ֆրանսիական փորձը, ինչպես նաև ՀՀ-ում այդ բնագավառին առնչվող մարտահրավերներն ու կարիքները։ Քննարկումները ներառում էին նաև միջուկային անվտանգության, ենթակառուցվածքների զարգացման և ոլորտի մարտահրավերների հետ կապված հարցեր։


Կոմիտեում պատվիրակության այցի շրջանակներում ներկայացվեցին կոմիտեի և կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերող «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի (ՄՌԱԳԿ) գործունեության հիմնական ուղղությունները։ Քննարկվեցին ոլորտում առկա մարտահրավերները։ Ֆրանսիայի կարգավորող մարմնի՝ ASNR ղեկավարի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Lյուդիվին Գիլլին ներկայացրեց ASNR-ի գործունեության ոլորտն ու գործառույթները։ Քննարկումների ժամանակ կարևորվեց մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ՀՀ-ում ապագա նոր էներգաբլոկների կառուցումը, ՀԱԷԿ-ի շահագործումից հանման գործընթացը և ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված ծրագրերը։


Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին ակադեմիական համագործակցության զարգացման հնարավորությունները, կրթական ծրագրերի ընդլայնումը և ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման հարցերը։
Կողմերը կարևորեցին ատոմային էներգետիկայի և ռադիոակտիվ թափոնների կառավարման բնագավառում հետագա համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև համապատասխան կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագրերի կնքման հնարավորությունները։
Հայ-ֆրանսիական համագործակցությունը կնպաստի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ՀՀ-ի կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը, և ոլորտում երկարաժամկետ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։