Սույն թվականի փետրվարի 15-ից 18-ը ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համատեղ անցկացրել է ազգային սեմինար «Սպառնալիքի գնահատումը և նախագծային սպառնալիքը» թեմայով Միջուկային ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված ինտեգրված պլանի շրջանակներում։
Սեմինարին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Հայկական ԱԷԿ-ի, ինչպես նաև Կոմիտեի մասնագետները։
Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշները սպառնալիքի գնահատման և նախագծային սպառնալիքի որոշման նկատմամբ՝ միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ուժեղացման համար։ Աշխատանքային սեմինարին ներկայացվեցին ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշները նախագծային սպառնալիքի որոշման հետ կապված, իսկ Ռումինիայի և Լիտվանիայի փորձագետները ներկայացրին իրենց պետությունների փորձը` այդ խնդրի հետ կապված։
Աշխատանքային հանդիպման ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։