Ս․թ․ օգոստոսի 5-ին ՀՀ միջուկային անվտնագության կարգավորման կոմիտեն հյուրընկալել է ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը հանձնակատար Դեվիդ Ռայթի գլխավորությամբ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի և ՀՀ միջուկային անվտնագության կարգավորման կոմիտեի միջև համագործակցության ուղղությունները։
Խաչատուր Խաչիկյանը (Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող) ներկայացրեց կոմիտեի գործունեության, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ տեղեկություն։ Քննարկվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման լիցենզավորման, անվտանգության միջոցառումների իրականացման, նոր ԱԷԿ-ի կառուցման, անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման և այլ խնդիրներ։
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի (ԱՄՆ ՄԿՀ) հետ 1995 թվականից: 1997 թվականից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի միջև ստորագրվել է Համաձայնագիր՝ միջուկային անվտանգության hարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ, որը վերաստորագրվել է 2007, 2017 և 2023 թվականներին։