Ս.թ. նոյեմբերի 6-ից 9-ը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների խումբը անցկացրեց Հայաստանի ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագրի INSSP (Integrated Nuclear Security Support Plan) դիտարկման առաքելությունը:
INSSP դիտարկման առաքելությանը հրավիրվել էր Հայաստանի կառավարության կողմից 2016 թվականին:
INSSP առաքելության նպատակն էր վերանայել և թարմացնել Հայաստանի միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը` ամրագրելու ձեռքբերումները, իրականացված միջոցառումները, հայտնաբերելու կարիքները ու սահմանելու առաջնահերթությունները` Հայաստանում միջուկային ֆիզիկական պաշտպանության միջոցառումների հետագա իրականացման համար:
INSSP դիտարկման թիմի կազմում էին ԱԷՄԳ-ի աշխատակիցները եւ ԱՄՆ-ից ու Ֆինլանդիայից հրավիրված փորձագետները:Առաքելության առաջին աշխատանքային օրը ԱԷՄԳ-ի աշխատակիցները ներկայացրեցին ԱԷՄԳ-ի ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը, INSSP-ն եւ NUSIMS համակարգը (Nuclear Security Information Management System — Միջուկային ֆիզիկական պաշտպանության տեղեկատվության կառավարման համակարգ):
ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության, ՀԱԷԿ-ի, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում ՓԲԸ»-ի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները հրավիրված էին մասնակցելու միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագրի (INSSP) դիտարկմանը եւ կատարելու իրենց ներդրումը նոր INSSP ծրագրի վերանայման աշխատանքներին:
INSSP-ի առաքելության կողմից կատարված աշխատանքներիարդյունքում մշակվեց Հայաստանի միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության նոր ծրագիրը եւ այդ ծրագրի իրականացման պլանը 2018-2020թթ. համար: