Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից անդամակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) և ստացել է զգալի տեխնիկական աջակցություն ԱԷՄԳ-ի Տեխնիկական համագործակցության (ՏՀ) ծրագրի շրջանակներում։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրվել է «2018-2023թթ․ համար Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի միջև տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակը» փաստաթուղթը։ Այն սահմանում է ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության շրջանակներում 2022-2023 թվականներին իրականացվում են հետևյալ ազգային ծրագրերը․
• ARM0007 «Համալսարաններում միջուկային տեխնոլոգիաների կառավարման մագիստրոսական ծրագրի մշակումը»,
• ARM2005 «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային անվտանգության բարձրացումը երկարացված նախագծային շահագործման ժամկետի հետ կապված»,
• ARM7001 «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար»։
Երկարացվել են հետևյալ ՏՀ ազգային ծրագրերը՝ հաշվի առնելով համաճարակի հետ կապված իրավիճակը․
• ARM6004 «Ռադիոթերապիայի և բժշկական զննումների որակի և անվտանգության բարելավումը»,
• ARM1001 «ԱԷԿ-ում տեսչական ստուգումների անցկացումը մետաղների չքայքայման մեթոդների օգտագործման բնագավառում սերտիֆիկացված անձնակազմի կողմից»,
• ARM9029 «Միջուկային և ճառագայթային անվտանգության ազգային կարգավորման ենթակառուցվածքի ուժեղացումը Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի երկարաժամկետ շահագործման լիցենզավորման հետ կապված»,
• ARM9026 «Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման անվտանգության բարձրացումը միջազգային ստանդարտներին համապատասխան»:
2022 թվականի նոյեմբերի 21-ից 24-ը Երևանում էր գտնվում ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսը։ Այցի նպատակն էր քննարկել գործող ազգային ծրագրերի իրականացումը և վերանայել աշխատանքային պլանները, ինչպես նաև քննարկել 2024-2025 թթ․ համար ներկայացված ազգային ծրագրերի և աշխատանքային պլանների նախագծերը։ Երևան կատարած այցի շրջանակներում Կարմինա Խիմենեսը այցելել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Հայկական ԱԷԿ, Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն և հանդիպել ծրագրերի կոնտրպարտների ու այլ համապատասխան մասնագետների հետ, որոնք ներգրավված են ծրագրերի իրականացման գործընթացում։
Կոմիտեում անցկացված հանդիպման արդյունքում քննարկվել են կարգավորող մարմնի առջև կանգնած խնդիրները, դրանց առաջնահերթությունները, որոնք հաշվի առնելով վերանայվել է ARM9029 ազգային ծրագրի աշխատանքային պլանը։ Կոմիտեում անցկացված հանդիպմանը մասնակցում էին նաև «Միջուկային և ռադիացիոն անվտանգություն գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետները։
Կարմինա Խիմենեսի Երևան կատարած այցի արդյունքում վերանայվել են ՀՀ համար գործող ազգային ծրագրերի աշխատանքային պլանները՝ հաշվի առնելով առկա խնդիրները և առաջնահերթությունները, արձանագրվել են հարցեր, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ՝ պլաններում ճշգրիտ արտացոլելու համար։ Հանդիպումներն անցան արդյունավետ քննարկումներով, մասնակիցները իրենց հուզող հարցերը բարձրացրեցին և ստացան սպառիչ պատասխաններ։