2018 թվականի նոյեմբերի 12-ից 16-ը Երևանում անցկացվել է «Ռադիոակտիվ թափոնների թաղման նախապատրաստման միջոցառումների պլանավորումը» թեմայով տարածաշրջանային աշխատանքային հանդիպում:
Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համատեղ՝ տեխնիկական համագործակցության RER/9/143 «Ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների բարելավումը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր ռադիոակտիվ թափոնների թաղման նախապատրաստման միջոցառումների պլանավորման հետ կապված ռադիոակտիվ թափոնների անվտանգ ու արդյունավետ կառավարման համար փորձի փոխանակումը, ինչպես նաև մարտահրավերների ու միջազգային փորձի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱԷՄԳ-ի ներկայացուցիչը, փորձագետներ Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից և Սերբիայից, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների գծով մասնագետներ Ալբանիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Հայաստանից, Խորվաթիայից, Էստոնիայից, Հունգարիայից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Տաջիկստանից և Ուկրաինայից: Աշխատանքային հանդիպումը բաղկացած էր դասախոսություններից և խմբային աշխատանքից: Աշխատանքային հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ի ներկայացուցիչը և միջազգային փորձագետները ներկայացրեցին գործողությունների պլանի մշակման և ներկայացման գործընթացը՝ ընդգծելով ռադիոակտիվ թափոնների կառավարման պլանավորման բարելավման հետ կապված միջոցառումները և ժամանակացույցերը կազմակերպությունում կամ երկրում, ինչպես նաև հիմնական բաղադրիչները ու գործողությունները, որոնք ներառված են ռադիոակտիվ թափոնների թաղման նախապատրաստման միջոցառումների պլանում: