Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների խումբը նշեց, որ Հայաստանն առաջընթաց է գրանցել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորող ենթակառուցվածքի ամրապնդման գործում, սակայն, դեռևս ունի այլ մարտահրավերներ, ինչպես նաև որակյալ և փորձառու անձնակազմի պակաս:
Հունիսի 17-ին կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության (այսուհետ՝ առաքելություն) թիմը եզրափակեց յոթօրյա ստուգողական առաքելությունը, որի նպատակն էր քննարկել 2015 թվականին IRRS առաքելության կողմից տրված առաջարկությունների և խորհուրդների իրականացման ընթացքը: Ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով և հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:
Առաքելության նպատակն է ուժեղացնել ազգային միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորող ենթակառուցվածքի արդյունավետությունը՝ հիմք ընդունելով ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշները և միջազգային լավագույն փորձը, միաժամանակ ճանաչելով յուրաքանչյուր երկրի պատասխանատվությունը միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման հարցում:
Մեծամորում գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 40%-ը: ՀԱԷԿ-ի 1-ին էներգաբլոկի աշխատանքը դադարեցվեց 1989 թվականին, իսկ 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիան երկարաձգվել է մինչև 2021 թվականը՝ հիմք ընդունելով անվտանգության համապատասխան հիմնավորումները։ Բացի այդ իրականացվում են աշխատանքներ երկարացնելու ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը: Հայաստանում կա նաև աշխատած վառելիքի չոր պահեստարան, ռադիոակտիվ թափոնների պահեստարան, և օգտագործվում են ռադիոակտիվ աղբյուրներ բժշկության, արդյունաբերության բնագավառներներում և գիտահետազոտական աշխատանքներում:
«Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել անվտանգության քաղաքականության և ռազմավարության մշակման հարցում»,-ասաց առաքելության ղեկավար Հանս Վանները, որը Շվեյցարիայի միջուկային անվտանգության կարգավորող մարմնի ղեկավարն է: «Այնուամենայնիվ, կարգավորող մարմինը մարդկային ռեսուրսների հետ կապված բախվում է կրիտիկական իրավիճակի: Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն և իր տեխնիկական աջակցության կազմակերպությունը՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգություն» ԳՏԿ-ն ֆինանասապես մրցունակ չեն արդյունաբերության բնագավառի և ՀԱԷԿ-ի հետ համեմատած: Անհրաժեշտ է հրատապ լուծել այս հարցը»:
Առաքելությունը գտնում է, որ 2015 թվականից սկսած Հայաստանն իրականացրել է մի շարք կարևոր քայլեր` ընդունելով աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարությունը և անցկացնելով առավել ինտենսիվ տեսչական ստուգումներ վթարային պատրաստվածության ու հակազդման բնագավառում: Շարունակվում է մի շարք առաջարկությունների ու խորհուրդների իրականացումը, քանի որ վերանայվում է Հայաստանի իրավական դաշտը, ինչպես նաև մշակվում է Ատոմային էներգիայի մասին նոր օրենքը:
Թիմը նշեց, որ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ունի բազմաթիվ մարտահրավերներ միջուկային անվտանգության կարգավորման հարցում, ներառյալ ԱԷԿ-ի սթրես-թեստերի անցկացման արդյունքում տրված առաջարկությունների իրականացումը: Եվրոպական Միության այս նախաձեռնությունը, որին միացավ Հայաստանը, բխում է Ճապոնիայում 2011 թվականին Ֆուկուշիմա Դաիչիի վթարից քաղած դասերից:
Առաքելությունը տվեց նոր առաջարկություններ և խորհուրդներ անվտանգության ազգային օրենսդրության և կարգավորող ենթակառուցվածքի հետագա ուժեղացման վերաբերյալ, ներառյալ այն, որ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն պետք է համապատասխանեցնի իր կառավարման համակարգը ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներին:
«Առաքելության առաջարկությունները օգնում են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին անվտանգության կարգավորող ենթակառուցվածքը բարելավելու համար` համաձայն ԱԷՄԳ անվտանգության չափանիշների», — ասաց ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: «Այս խնդիրը իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նախ պետք է լուծի անձնակազմի խնդիրը, ինչպես հաստատեց առաքելությունը: Ձեռնարկվել են քայլեր այս խնդիրը լուծելու համար, որը գտնվում է նաև Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում»:
«Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի երկարաժամկետ շահագործման հետ կապված շարունակական մարտահրավերները, առաքելության կողմից տրված առաջարկությունները՝ բարելավելու անվտանգության կարգավորող ենթակառուցվածքը ճիշտ ժամանակին են», — ասաց ԱԷՄԳ-ի միջուկային տեղակայանքների անվտանգության դեպարտամենտի տնօրեն Գրեգ Ռժենտկովսկին: «Առաջարկվող բարեփոխումների իրականացման դեպքում, անվտանգությունը, ինչպես նաև ԱԷԿ-ի շարունակական անվտանգ և հուսալի շահագործումը կլինեն ուշադրության կենտրոնում»:
12 փորձագետներից կազմված IRRS թիմում ներառված էին Արգենտինայի, Բուլղարիայի, Չեխիայի, Եգիպտոսի, Գերմանիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կարգավորող մարմինների ավագ փորձագետներ, ինչպես նաև ԱԷՄԳ երեք աշխատակիցներ: