2023 թվականի հուլիսի 10-ից 14-ը Երևանում տեղի ունեցավ «2-րդ և 3-րդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատման կիրառումը» խորագրով աշխատանքային հանդիպումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության RER/9/160 «Միջուկային տեղակայանքներում ծանր վթարների և հրապարակից դուրս հետևանքների հետ կապված անվտանգության գնահատման և ռիսկերի մասին տեղեկացված որոշումների կայացման կարողությունների ուժեղացումը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Միջոցառումը կազմակերպել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ԱԷՄԳ-ի հետ համատեղ։
Աշխատանքային հանդիպան մասնակիցներն էին Բուլղարիայի, Բելառուսի, Չեխիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Լեհաստանի, ինչպես նաև Հայաստանի կարգավորող մարմինների, ԱԷԿ-ների և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչները և ԱԷՄԳ-ի կողմից հրավիրված փորձագետներ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և Մեծ Բրիտանիայից։ Հանդիպմանը մասկակցել են նաև RER/9/160 ծրագրի ղեկավարները ԱԷՄԳ-ից։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել հանդիպման մասնակիցներին 2-րդ և 3-րդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատումների արդի մշակման մոտեցումները, հատուկ ուշադրություն դարձնելով ԱԷԿ-ներում 2-րդ և 3-րդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատման ոլորտում առկա լավագույն փորձին, արդյունքներին և դրանց կիրառմանը:
Աշխատնքային հանդիպման ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով 2-րդ և 3-րդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատումների կիրառման ոլորտում առկա ազգային փորձը ԱԷԿ-երի նախագծման և շահագործման տարբեր ասպեկտների համար, ինչպիսիք են՝ նախագծային լուծումների օպտիմալացումը, նախագծային փոփոխությունները, վթարների կառավարման ուղեցույցների և միջոցառումների մշակումը, ինչպես նաև վթարային պլանավորումը: Քննարկվեց նաև RER/9/160 ծրագրի իրականացման ընթացքը և հետագա քայլերը։