2009 թվականի հունիսի 29-ից հուլիսի 3-ը Երեւանում անցկացվեց «Ցածր եւ միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնների ու չօգտագործվող փակ ճառագայթային աղբյուրների վերամշակման ու պահեստավորման տեղակայանքների մոդուլային նախագծումը» թեմայով աշխատանքային հանդիպում: Հանդիպումը կազմակերպած էր Ատոմային էնենգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) եւ ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ համատեղ` ԱԷՄԳ RER9094 տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցում էին Ալբանիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լիտվայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Մակեդոնիայի ու Հայաստանի շահագործող կազմակերպությունների ու կարգավորող մարմինների ներկայացուցիչները, որոնք ներգրավված են ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հետ կապված միջոցառումենրում: Աշխատանքային հանդիպման նպատակն էր՝ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման, կառուցման, լիցենզավորման ու շահագործման հետ կապված փորձի ու տեղեկության փոխանակումը: Աշխատանքային հանդիպման ծրագիրը ներառում էր զեկույցներ, քննարկումներ ու գործնական առաջադրանքներ:
ԱԷՄԳ-ի փորձագետները իրենց զեկույցներում ներկայացրեցին ռադիոակտիվ թափոնների կառավարման նկատմամբ սահմանված անվտանգության պահանջները, անվտանգության կոմպլեքսային վերլուծության ու լիցենզիայի հայտի մշակման մոտեցումները եւ այլն, իսկ գործնական առաջադրանքը ներառում էր վերամշակման ու պահեստավորման տեղակայանքի նախագծման ու կառուցման համար տեխնիկական առաջադրանքի մշակումը ու ներկայացումը կարգավորող մարմնի դիտարկմանը: Այդ նպատակով կազմվեցին երեք աշխատանքային խմբեր, որոնք ներառում էին կարգավորող մարմնի ու շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչներ: “Շահագործող կազմակերպության” խնդիրն էր՝ մշակել տեխնիկական առաջադրանքը, իսկ “կարգավորող մարմնինը”՝ դիտարկել ներկայացված փաստաթղթերը եւ ընդունել որոշում: Աշխատանքային խմբերը կատարված առաջադրանքի վերաբերյալ ներկայացրեցին զեկույցներ: