Եվրամիությունը աջակցություն է տրամադրում ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (ՀՀ ՄԱԿԿ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ազգային օրենսդրության ներդաշնակեցման և միջուկային անվտանգության բարձրացման համար։
Հայաստան, 18 հոկտեմբերի, 2024թ
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Եվրամիությունը (ԵՄ) աջակցություն է տրամադրում ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (այսուհետ՝ ՄԱԿԿ) և նրա տեխնիկական աջակցության կազմակերպությանը՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության» գիտատեխնիկական կենտրոնին (այսուհետ՝ ՄՌԱԳԿ) տեխնիկական համագործակցության նոր ծրագրի շրջանակում: Ծրագիրը նպատակաուղղված է ՀՀ-ում միջուկային անվտանգության խթանմանը` Հայաստանի միջուկային կարգավորող ենթակառուցվածքի, վարքագծի կանոնների, իրավական կարգավորումների և ԵՄ դիրեկտիվներով մոտարկման միջոցով, որը կգործի առաջիկա 2 տարիների ընթացքում: Ծրագիրը իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի գործող իրավական կարգավորումների մոտարկման, լրամշակման և նոր կարգավորումների մշակման, ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման կարգավորումների վերանայման և ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգերի արդիականացման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵՄ անդամ երկրների փորձին:
Աջակցության տրամադրման նպատակով ԵՄ-ն 2 տարվա ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել միջազգային կոնսորցիումի հետ, որը գլխավորում է IDOM Consulting, Engineering Architecture S.A.U. (Իսպանիա) և գործընկեր Teknologian Tutkimuskeskus VTT OY (Ֆինլանդիա)՝ Bel V (Բելգիա), VUJE, A.S (Սլովակիա) և Բուլղարիայի միջուկային կարգավորման գործակալության (Բուլղարիա):
Ծրագրի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում, Հայաստանի Հանրապետություն: Մեկնարկային հանդիպմանը մասնակցում էին ԵՄ-ի, ՄԱԿԿ-ի, ՄՌԱԳԿ-ի և Կոնսորցիումի ներկայացուցիչները։
Հանդիպման բացման նիստի ժամանակ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը նշեց, որ այս ծրագիրը շատ կարևոր է ՄԱԿԿ-ի համար, քանի որ սա ևս մեկ քայլ է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կարգավորումները ԵՄ համապատասխան դիրեկտիվների պահանջներին մոտարկելու ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև WENRA-ի անվտանգության ուղղորդիչ մակարդակները։ Ազգային օրենսդրության վերանայումը, որը հիմնված է բացերի վերլուծության և ԵՄ անդամ երկրներից քաղած դասերի վրա, թույլ կտա մեկ քայլ ևս մոտենալ ԵՄ-ին և կբարձրացնի միջազգային հանրության վստահությունը Հայաստանի միջուկային ծրագրի անվտանգության նկատմամբ:
ՄՌԱԳԿ-ն մասնակցում է ծրագրին որպես տեղական ենթակապալառու և այս ծրագրի շրջանակներում լինելու է ինչպես իրականացվելիք մոտարկման, այնպես էլ՝ անվտանգության վերանայման գործողությունների հիմնական կատարողներից մեկը: Որպես կարգավորող մարմնի տեխնիկական աջակցության կազմակերպություն, այն ոլորտում ունի մեծ փորձ, իրավիճակի և առկա մարտահրավերների գերազանց պատկերացում։ Ծրագրի իրականացման ընթացքում Կոնսորցիումը կարևորում է ՄՌԱԳԿ-ի կողմից տրվելիք փորձագիտական խորհրդատվությունը:
Կոնսորցիումում ներգրավված միջազգային փորձագիտական թիմը մասնագիտացած է միջուկային կարգավորող շրջանակների և անվտանգության հարցերի մշակման գործընթացներում: Ծրագրի և գիտելիքի խորը կառավարումն իրականացվում է ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար: Մեկնարկային հանդիպման բացման նիստից հետո ՄԱԿԿ/ՄՌԱԳԿ-ի հետ անցկացվեցին մի շարք տեխնիկական աշխատանքային հանդիպումներ՝ կարիքների, ոլորտների առաջնահերթության, մոբիլիզացված ռեսուրսների և Կոնսորցիումի ընձեռած հնարավորություննեի փոխըմբռնման նպատակով։
Ծրագրի մեկնարկային հանդիպումն անցկացվեց 2 լիարժեք օր: