2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում 9 բալանոց երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի արդյունքում Ֆուկուշիմա ԱԷԿ-ում տեղի ունեցավ ծանր վթար: Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Եվրոպական միության անդամ պետությունների միջուկային անվտանգությունը կարգավորող մարմինների խմբի (ENSREG) հետ միասին 2011 թվականին ձեռնարկեց ԵՄ պետություններում շահագործման մեջ գտնվող ԱԷԿ-ների ռիսկերի և անվտանգության համապարփակ վերագնահատում (այսուհետ` «սթրես-թեստ»):
Հայաստանի Հանրապետությունը ԵՄ առաջարկով կամավորականության սկզբունքով միացավ «սթրես-թեստի» անցկացման նախաձեռնությանը:
ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ինքնագնահատման հաշվետվության հիման վրա, համաձայն Եվրոպական միության անդամ պետությունների միջուկային անվտանգությունը կարգավորող մարմինների տեխնիկական բնութագրերի, մշակված «Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվությունը», 2015 թվականի օգոստոսին ներկայացրեց Եվրոպական Հանձնաժողովի դիտարկմանը:
ԵՀ դիտարկման արդյունքում ՀՀ ազգային հաշվետվությանը ներկայացվեց 196 հարց, որոնց պատասխանները պատրաստել էին Հայկական ԱԷԿ-ի, կոմիտեի ու «Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետները, ովքեր մասնակցել էին նաև նշված հաշվետվության մշակմանը:
2016 թվականի հունիսի 20-ից 24-ը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում անցկացվել է Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվության ԵՀ հետ փորձագիտական քննարկումը (peer review):
10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Եվրոպական միության անդամ պետությունների միջուկային անվտանգությունը կարգավորող մարմինների խմբի կողմից առաջադրված 8 փորձագետներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 ներկայացուցիչներ:
Աշխատանքային ծրագրին համապատասխան ս.թ. հունիսի 22-ին ԵՀ փորձագետները այցելեցին Հայկական ԱԷԿ:
ԵՀ փորձագետների խնդրանքով կոմիտեում կազմակերպվեց սեմինար՝ նվիրված տարածքի սեյսմոլոգիայի և հրաբխային վտանգի հարցերին: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական կենտրոնի, Հայկական Սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի Ասոցիացիայի փորձագետները ներկայացրեցին վերոհիշյալ հարցերին առնչվող հետազոտությունների արդյունքները:
ԵՀ փորձագետների առաջարկությունները Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» վերաբերյալ ամփոփվել են հաշվետվությունում, որի վերջնական տարբերակը կներկայացվի կոմիտե 2016 թվականի օգոստոս ամսին: Նշված հաշվետվության հիման վրա նախատեսվում է մշակել գործողությունների ծրագիր՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ հաշվի առնելով Եվրոպական պահանջները: