2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ, ստորագրվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին hամաձայնագիր։
ՀՀ և ԱՄՆ կարգավորող մարմինների միջև համագործակցությունը սկսվել է 1995 թվականին։ 1997 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրվել է առաջին համաձայնագիրը ՀՀ միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի և ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի (ԱՄՆ ՄԿՀ) միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրը վերաստորագրվել է 2007 և 2017 թվականներին:
2021 թվականի դեկտեմբերին ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որը նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի ընդլայնում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։
Ս․թ․ մարտին ստորագրված համաձայնագրի շրջանակներում իրականացվելու է համագործակցություն և տեղեկատվության ու փորձի փոխանակում կոմիտեի և ԱՄՆ ՄԿՀ-ի միջև ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացման, միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ուժեղացման, ինչպես նաև՝ ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման հետ կապված կարգավորող փաստաթղթերի մշակման և այլ ուղղություններով։
Կոմիտեի և ԱՄՆ ՄԿՀ-ի միջև ստորագրվել է նաև CAMP (Code Application and Maintenance Program – հաշվարկային կոդերի կիրառման և պահպանման ծրագիր) պայմանագիրը, որը հնարավորություն է տալիս կիրառել ԱՄՆ ՄԿՀ-ի հաշվարկային կոդերը ՀԱԷԿ-ի անվտանգության գնահատման և վերլուծության համար։ Այդ հաշվարկային կոդերը օգտագործվում են ԱԷԿ-ներում հնարավոր վթարային իրավիճակների վերլուծության, վթարային ընթացակարգերի և վթարների կառավարման ռազմավարությունների գնահատման, անվտանգության համակարգերի արդիականացման հնարավոր տարբերակների գնահատման համար և այլն: Կոմիտեն և Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը իրենց ներդրումն ունեն ԱՄՆ ՄԿՀ-ի հաշվարկային կոդերի կատարելագործման հարցում։