Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում (այսուհետ՝ կոմիտե) անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում միջուկային ֆիզիկական պաշտպանության մասին որոշում կայացնողների իրազեկման բարձրացման վերաբերյալ աշխատանքային հանդիպում, իսկ մարտի 22-ից 25-ը՝ Հայաստանի ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագրի INSSP (Integrated Nuclear Security Support Plan — միջուկային ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված ինտեգրված պլան) դիտարկման առաքելությունը: Միջոցառումներն անցկացվեցին հիբրիդային եղանակով։ INSSP դիտարկման թիմի կազմում էին ԱԷՄԳ-ի աշխատակիցները և Հունաստանից ու ԱՄՆ-ից հրավիրված փորձագետները, ովքեր հանդիպմանը մասնակցում էին առերես, իսկ ևս մեկ փորձագետ ԱՄՆ-ից՝ հեռահար տարբերակով։
Աշխատանքային հանդիպմանը, ինչպես նաև INSSP դիտարկման աշխատանքներին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Հայկական ԱԷԿ-ի, ինչպես նաև կոմիտեի և Միջուկային և ճառագայթային անվտանգության կենտրոնի մասնագետները։
Մարտի 21-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում միջուկային ֆիզիկական պաշտպանության մասին որոշում կայացնողների իրազեկման բարձրացման վերաբերյալ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱԷՄԳ-ի աշխատակիցները ներկայացրին ԱԷՄԳ-ի ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը՝ ներառյալ INSSP-ն և NUSIMS համակարգերը (Nuclear Security Information Management System — Միջուկային ֆիզիկական պաշտպանության տեղեկատվության կառավարման համակարգ)՝ մանրամասնելով դրանց կարևորությունը։ Իսկ հայաստանյան ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառի խնդիրները և հնարավորությունները, Հայաստանի INSSP իրականացման ընթացքը։
Մարտի 22-ից 25-ը անցկացված INSSP առաքելության նպատակն էր վերանայել և թարմացնել Հայաստանի միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը, գնահատել ձեռքբերումները, հայտնաբերել կարիքները ու սահմանել առաջնահերթությունները: ԱԷՄԳ-ի INSSP առաքելության կողմից կատարված աշխատանքների արդյունքում վերանայվեց և թարմացվեց Հայաստանի միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը և դրա իրականացման պլանը 2023-2027թթ․ համար։