2017 թվականի հուլիսի 17-ից 21-ը Երևանում անցկացվել է «ԱԷՄԳ-ի IRRS առաքելության կողմից տեսչական ստուգումների անցկացման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ տրված առաջարկությունների կատարումը» թեմայով տարածաշրջանային աշխատանքային հանդիպում:
Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության RER/9/139 «Կարգավորող մարմնի տեսչական ստուգումների անցկացման կարողությունների և ծրագրերի ուժեղացումը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԷՄԳ աշխատակիցը, փորձագետներ Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից, ինչպես նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հայաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի, Հունգարիայի, Ղազախստանի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի և Տաջիկստանի միջուկային անվտանգության բնագավառի կարգավորող մարմինների ներկայացուցիչները:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր հնարավորություն ընձեռել մասնակիցներին քննարկել ԱԷՄԳ-ի IRRS (IRRS – Integrated Regulatory Review Services — կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելություն) առաքելության կողմից տեսչական ստուգումների անցկացման և պատասխանատվության միջոցների կիրառման հետ կապված տրված առաջարկությունները և փոխանակել տեղեկատվություն այդ առաջարկությունների կատարման վերաբերյալ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ի աշխատակիցը և փորձագետները ներկայացրեցին ԱԷՄԳ անվտանգության ստանդարտները տեսչական ստուգումների անցկացման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ: Հանդիպումը բաղկացած էր զեկույցներից,ինտերակտիվ քննարկումներից, խմբային գործնական վարժություններից: