Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների խումբը 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 12-ը անցկացրեց Հայաստանի Հանրապետությունում ազգային միջուկային անվտանգության բնագավառում ֆիզիկական պաշտպանության ռեժիմի գնահատման առաքելությունը: ԱԷՄԳ-ի փորձագետների թիմը գնահատեց Հայաստանում միջուկային անվտանգության բնագավառում ֆիզիկական պաշտպանությանն առնչվող օրենսդրությունը եւ միջուկային ու այլ ռադիոակտիվ նյութերի, տեղակայանքների ու միջոցառումների կարգավորման շրջանակները, ինչպես նաեւ ճառագայթային աղբյուրների փոխադրման հետ կապված ֆիզիկական պաշտպանության միջոցառումները: ԱԷՄԳ-ի փորձագետների թիմը գնահատեց ֆիզիկական պաշտպանության համակարգերը Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ), ինչպես նաեւ երեք տեղակայանքներում, որտեղ օգտագործվում կամ պահվում են բարձր ակտիվության աղբյուրներ: ԱԷՄԳ-ի փորձագետների թիմը եզրակացրեց, որ Հայաստանն անում է լավագույնս, որպեսզի իրականացնի միջուկային անվտանգության բնագավառում ֆիզիկական պաշտպանության ուժեղացման միջոցառումները, եւ 2003 թվականի առաքելությունից ի վեր կարեւոր առաջընթաց է ձեռք բերվել միջուկային անվտանգության բնագավառում ֆիզիկական պաշտպանությունը բարձրացնելու ուղղությամբ: ԱԷՄԳ-ի փորձագետների թիմը նշեց նաեւ մի շարք օրինակելի միջոցառումներ այցելած տեղակայանքներում՝ կապված ֆիզիկական պաշտպանության հետ, միեւնույն ժամանակ տրամադրեց խորհուրդներ ու առաջարկություններ՝ միջուկային անվտանգության բնագավառում ֆիզիկական պաշտպանության շարունակական բարելավման վերաբերյալ: Երեւանում գտնվելու ժամանակ ԱԷՄԳ-ի փորձագետները հանդիպեցին ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության պաշտոնյաների, ինչպես նաեւ այցելեցին «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ, «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիղիկական հետազոտությունների ինստիտուտ: ԱԷՄԳ-ի միջուկային նյութերի եւ տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության բաժնի պետ պարոն Կառլոս Տորես Վիդալը նշեց. «Միջուկային էներգիայի ծրագրի զարգացումը պահանջում է միջուկային նյութերի եւ տեղակայանքների անվտանգության բարձրացում, եւ Հայաստանի Հանրապետության օրինակը կարեւորում է միջազգային համագործակցության եւ ԱԷՄԳ-ի պաշտպանության չափանիշները, ինչպես նաեւ դրանց խորհրդատվական ծառայությունները լավագույնս կիրառելու անհրաժեշտությունը»: ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ պարոն Աշոտ Մարտիրոսյանը նշեց. «Առաքելությունը շատ օգտակար էր Հայաստանի միջուկային անվտանգության բնագավառում ֆիզիկական պաշտպանության ռեժիմը բարելավելու համար: Հայաստանը կսահմանի գործողությունների ծրագիր եւ մոտ ապագայում կիրագործի առաքելության առաջարկություններն ու խորհուրդները»: ԱԷՄԳ-ի թիմը ղեկավարում էր Նենսի Ֆռագոյանիսը, ով հանդիսանում է ԱՄՆ-ի միջուկային կարգավորող հանձնաժողովի միջուկային զենքի չտարածման եւ միջազգային միջուկային պաշտպանության գլխավոր խորհրդատու: Թիմում ներգրավված էին ԱԷՄԳ-ի յոթ փորձագետներ հինգ պետություններից:
ՀԻՄՔ
Առաքելությունը ԱԷՄԳ-ի կողմից 65-րդ էր 1995 թվականին այս նախաձեռնությունը սկսվելուց հետո: Սա երկրորդ առաքելությունն էր Հայաստանում: Առաջինը իրականացվել է 2003 թվականի նոյեմբերին: ԱԷՄԳ-ի Ֆիզիկական պաշտպանության գնահատման միջազգային առաքելության նպատակն է օգնել ԱԷՄԳ-ի անդամ պետություններին՝ ուժեղացնելու իրենց ազգային միջուկային անվտանգության բնագավառում ֆիզիկական պաշտպանության ռեժիմը: Առաքելությունները տրամադրում են փորձագիտական խորհդատվություն՝ միջազգային գործիքների կիրառման եւ միջուկային նյութերի ու այլ նյութերի ու տեղակայանքների եւ միջոցառումների վերաբերյալ: ԱԷՄԳ-ի առաքելության միջազգային փորձագետների խումբը գնահատում է պետության ֆիզիկական պաշտպանության համակարգը, համեմատում այն միջազգային լավագույն փորձի հետ եւ տրամադրում առաջարկություններ՝ այդ համակարգի բարելավման վերաբերյալ: Առաքելությունն իրականացվում է ինչպես պետությանում, այնպես էլ կոնկրետ տեղակայանքում: