ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 2025 թվականի նոյեմբերի 24-ից 28-ը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ENSREG խորհրդի փորձագետների թիմին: Առաքելության նպատակն էր դիտարկել Ստրես թեստի միջոցառումների Ազգային ծրագրի իրականացման ընթացքը։


ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 2025 թվականի ապրիլին ԵՄ փորձագետներին էր ներկայացրել միջոցառումների Ազգային ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հերթական հաշվետվությունը՝ վերլուծելով նախատեսված աշխանքների կատարման ընթացքը։
Առաքելության ընթացքում եվրոպական փորձագետների հետ աշխատել են ինչպես են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, այնպես էլ Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի և Հայկական ԱԷԿ-ի համապատասխան մասնագետները։ Առաքելության ընթացքում կազմակերպվել են շրջայցեր ՀԱԷԿ-ում, որոնց ընթացքում փորձագետներին ներկայացվել են ինչպես իրականացված, այնպես էլ իրականացվող աշխատանքները։


Առաքելությունը բարձր է գնահատել իրականացված աշխատանքները, հայկական կողմի մասնագիտական պատրաստվածությունը և թափանցիկությունը։ Առաքելության խումբը, հորդորեց արագացնել միջոցառումների Ազգային պլանով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ մասնավորապես ծանր վթարների կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը, նշելով որ սույն միջոցառումները կարիք ունեն խորքային վերլուծության և պահանջում են մարդկային, ժամանակային և ֆինանսական մեծ ռեսուրսներ։
Հիշեցնենք, որ Ֆուկուսիմայի ԱԷԿ վթարից հետո, 2012 թվականին ՀՀ ևս միացավ ԵՄ Սթրես-թեստի նախաձեռնությանը, որի նպատակն էր գնահատել արտաքին վտանգներին գործող կայանների նախագծերի դիմակայությունը և հայտնաբերված շեղումների հիման վրա մշակել անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների ծրագիր ։

