ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 2025 թվականի սեպտեմբերի 11-ին «General Review Mission» ծրագրի շրջանակում հյուրընկալեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի և «Միջուկային և ռադիոացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։
ԱԷՄԳ-ի պատվիրակության կազմում ընդգրկված փորձագետներն էին․
Օլիվերա Ցիրայ Բյելացը՝ բժշկական ֆիզիկոս, Սաշա Վույնովիչը՝ ռադիոլոգ, Պրիմոժ Ստրոյանը՝ ճառագայթային ուռուցքաբան, Վելիմիր Կարաձան՝ ճառագայթաբուժության տեխնոլոգ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը։ Ողջունելով հյուրերին պարոն Խաչիկյանը ընդգծեց Կոմիտեի պատրաստակամությունը համագործակցության շարունակականության ապահովման և ընդլայնման գործընթացում, քննարկվեցին առողջապահության բնագավառում ճառագայթային անվտանգության ապահովման հիմնահարցերը։ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի Ճառագայթային անվտանգության և պաշտպանության բաժնի պետ-պետական տեսուչ Էլիզաբեթ Ներսիսյանը ներկայացրեց ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կառուցվածքը, հիմնական գործառույթները, օրենսդրական դաշտը, մարտահրավերները։ Քննարկվեցին առողջապահության բնագավառում ճառագայթային անվտանգության և պաշտպանության հետ կապված համագործակցության շարունակման և զարգացման հնարավորության վերաբերյալ հարցեր։