ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի (ԱՄՆ ՄԿՀ) հետ 1995 թվականից:
1997 թվականի սեպտեմբերի 30-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի միջև ստորագրվել է Համաձայնագիր՝ միջուկային անվտանգության hարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ։
Կոիմտեն և ԱՄՆ ՄԿՀ-ն համագործակցում են միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքների ստեղծման և ամրապնդման, անվտանգության գնահատման կարողությունների, ինչպես նաև ռեակտորի անվտանգության, միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի զարգացման ոլորտներում:
Նշված Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ստացել է աջակցություն հետևյալ ուղղություններում․
• Անձնակազմի պատրաստում և վերապատրաստում (ԱԷԿ-ի ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական և վթարային իրավիճակների հաշվարկներ ժամանակակից համակարգչային կոդերով, ԱԷԿ-ի անվտանգության հիմնավորման հաշվետվությանը ներկայացվող կարգավորող պահանջների մշակում, ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանություն, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգություն)
• Փորձագիտական աջակցություն (ԱԷԿ-ի անվտանգության գնահատումներ և վերլուծություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում)
• ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատում և լիցենզավորում
• ԱԷԿ-ի անվտանգության հավանականային վերլուծություն
• Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրում, գրանցում և ազգային ռեգիստրի մշակում, վարում, անվտանգության գնահատում և լիցենզավորում
• Իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության և ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ կարգավորող փաստաթղթերի մշակում
• Ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրում և այլն:
Կոմիտեի և ԱՄՆ ՄԿՀ-ի համագործակցությունը միջազգային համագործակցության և հաջողության հիանալի օրինակ է, որն ուղված է մեկ ընդհանուր նպատակի իրագործմանը՝ անվտանգության ապահովմանը: